Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Սիլվա Կապուտիկյան բանաստեղծուհին, կինը, քաղաքացին

Սիլվա Կապուտիկյան  բանաստեղծուհին,  կինը, քաղաքացին
26.05.2015 | 12:47

Վերջերս Կամերային երաժշտության տանը կայացավ «Սիլվա Կապուտիկյան» պատկերագրքի շնորհանդեսը։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված պատկերագիրքը նվիրված է բանաստեղծուհու ծննդյան 95-ամյակին, նաև՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Սիլվա Կապուտիկյանի թուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաճյանը նախ ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը. երբ 2006 թ., բանաստեղծուհու մահից հետո վերընթերցում է նրա գրքերը, «Վերջին զանգ» գրքի 185-րդ էջում կարդում է այն տողերը, որտեղ Սիլվա Կապուտիկյանը գրում է. «Ամենայն հավանականությամբ, ես չեմ հասցնի գրել իմ կյանքի համայնապատկերը»։
«Այստեղից ծնվեց այս գիրքը կազմելու միտքը։ Սակայն առաջ եկավ կտակի խնդիրը, տուն-թանգարանի ստեղծման հարցը, և գիրքը մղվեց հետին պլան։ Իսկ երբ «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի տնօրեն նշանակվեց Արմենուհի Դեմիրճյանը, մենք երկուսով շարունակեցինք կազմել պատկերագիրքը։ Այն Կապուտիկյան անհատի, բանաստեղծուհու, քաղաքացու նկարագիրն է։ Գիրքն այնպես ենք կազմել, որ տալիս է բանաստեղծուհու քաղաքացիական կերպարը, իր ժամանակի մեծերի հետ անցած ճանապարհը, հումորը, իր մասին գրված հոդվածներ կան, լուսանկարներ, իրապատումներ և այլ բաժիններ»։
Այնուհետև Ռ. Հաճյանը ներկայացրեց Սիլվա Կապուտիկյանին բնորոշող մի քանի դրվագ, երբ բանաստեղծուհին խիզախեց Մ. Ս. Գորբաչովի հակահայ հայտնի ելույթից հետո հեռագիր ուղարկել Կրեմլ. «Мне больно и стыдно за вас, президент», կամ Աթենքում ԱՍԱԼԱ-ի տղաների նվիրած ժամացույցը չէր լարում, որ այն ոչ թե սոսկ ժամացույց ծառայի, այլ մնա որպես թանկ հուշանվեր։
«Նա, գաղթականների ժառանգ լինելով, չէր կարող չանդրադառնալ Մեծ եղեռնին, անտարբեր չէր իր ժողովրդի մեծ ցավին, և 1962-ից շրջելով ողջ սփյուռքը, երկու գիրք գրեց այդ մասին։ Կապուտիկյանը հպարտ էր, որ հայ է, և մենք պետք է ցույց տայինք այդ հպարտությունը, նաև՝ իր ժողովրդի ապագայի մասին Կապուտիկյանի լավատեսությունը»,- եզրափակեց իր խոսքը Ռաֆլետա Հաճյանը։
Պատկերագրքի համահեղինակ Արմենուհի Դեմիրճյանի խոսքը հակիրճ էր։ Նա տեղեկացրեց, որ գիրքը զարդարում են նկարչուհի Լուսիկ Ագուլեցու «Բարդիները», որը բանաստեղծուհին շատ էր սիրում, գրքի շապիկին Հարություն Կալենցի վրձնած բանաստեղծուհու նկարն է, նաև Արա Շիրազի գործերից կան, որ տպագրվում են առաջին անգամ. «Գրքում զետեղված է նաև Արա Շիրազի «Սիրամարգ» հարթաքանդակը («Դվին» հյուրանոց»), և ես կոչ եմ անում մեր մշակույթի գործիչներին արձագանքել այն փաստին, որ հարթաքանդակի գոյությունը վտանգված է, փրկենք այն։ Իսկ գիրքը կազմել ենք սիրով, և այդ սերը գրքից ճառագում է»։
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Երանուհի Մարգարյանը շեշտեց, որ հայ ժողովրդի 20-րդ դարի գրական ժառանգությունը դժվար է պատկերացնել առանց Սիլվա Կապուտիկյանի, և այս պատկերագրքում ամբողջացել է մի ողջ դարաշրջան։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը դեմ էր անընդհատ Սիլվա Կապուտիկյանի քաղաքացիական ըմբոստ կերպարը շեշտելուն՝ մոռանալով նրա հզոր քնարերգությունը. «Եթե նա լիներ տրիբուն, մենք նրան կմոռանայինք, բայց նա մնաց իր բանաստեղծությամբ, եկեք նրան չդարձնենք քաղաքական գործիչ։ Մենք մեզ երբեմն հոգնեցնում ենք նույն բանի մասին խոսելով։ Սիլվայի մասին խոսենք ոչ միակողմանի, այլ ներկայացնենք նրա հատկապես սիրային պոեզիան։ Այո, Սիլվան հզոր ազդեցություն ուներ մեր հասարակության վրա, սակայն կանացի հոգեբանության այդքան խոր վկայություն միայն Սիլվան է տվել իր պոեզիայով։ Կապուտիկյանի արյունը և հայ մարդու զգացողությունը միացել են Ռաֆլետայի մեջ, որը երևում է պատկերագրքից, ուր Սիլվան բազմակողմանի է ներկայացված, և այն հրաշալի նվեր է Սիլվայի հիշատակին»։
ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը խոսեց իր մտերմության մասին բանաստեղծուհու հետ, ում տանը բազմիցս հյուրընկալվել և նրա հետ «Դլե յաման» է երգել, հուշեր պատմեց և դահլիճի խնդրանքով երգեց Սիլվա Կապուտիկյանի սիրելի երգերից մեկը՝ Ջիվանու «Ես մի ծառ եմ ծիրանի»-ն։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ Սիլվա Կապուտիկյան քաղաքացու ընդվզող կերպարին, ավելացնելով. «Տիկին Սիլվան հաճախ էր ասում. «Մեզ մեր հոգևորն է փրկելու»։ Մենք հիշում ենք տիկին Սիլվային, նա էլ մեզ է փրկելու։ Բոլորս ունենք մեր Սիլվա Կապուտիկյանը, և դրանո՛վ է թանկ նա մեզ համար։ Նա իր հույզերով 20-րդ դարի մարդ էր և այդտեղ էլ մնաց՝ մեծ համբավ բերելով մեր ժողովրդին»։
Բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը հպարտությամբ նշեց, որ պատկերագրքում զետեղված են բանաստեղծուհուն նվիրված իր գործերը և ընթերցեց իր ձոնը՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանին։
ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, եզրափակելով իր հուշերը, ցանկություն հայտնեց, որ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը համազգային տոն դառնա։
ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, բանաստեղծուհու պոեզիայից նմուշներ ներկայացնելուց առաջ, հուշեր պատմեց, արտահայտելով իր կարոտը Կապուտիկյանի հանդեպ. «Բանաստեղծները մայրերի նման են. որ տարիքում էլ հեռանան՝ անժամանակ է։ Երբ տիկին Սիլվայի հետ Իրան գնացի, այդ ժամանակ զգացի, որ նրա մեջ խաղաղ համակեցությամբ ապրում են հայ մայրը, փխրուն հայ կինը, հայ մամիկը, քաղաքացին, բանաստեղծուհին»։
Հայաստանում ՈՒկրաինայի նախկին դեսպան, թարգմանիչ Ալեքսանդր Բոժկոն նախ իր ողջույնը հղեց «Իր ազատության և արժանապատվության համար պայքար մղող ՈՒկրաինայից», և նշեց, որ այդ որակները շատ էին սազում մեծ բանաստեղծուհի և մեծ հայ Սիլվա Կապուտիկյանին. «Ես Հայաստանը սիրել և հայերեն սովորել եմ նրա շնորհիվ, երբ բանակում ծառայելիս կարդացի ռուսերեն թարգմանված նրա ժողովածուն։ Նա ոչ թե հուշարձան էր, այլ մարդ, մեծ հայուհի, և այս գրքի շնորհիվ շատերը կկարողանան ճանաչել մեծ Սիլվային»։
Երեկոյի գեղարվեստական մասը զարդարեցին «Մեսրոպ Մաշտոց» մշակութային կենտրոնի սաները՝ Նադյա Անտոնյանի ղեկավարությամբ, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը և համերգը վարողներից Կարեն Միրզոյանը, դաշնակահարուհի Նունե Մելիք-Վրթանեսյանի նվագակցությամբ։ Հնչեցին ձայնագրություններ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի կատարմամբ՝ Սիլվա Կապուտիկյանի խոսքերով, պատկերագրքի «Մեծերի պատկերասրահ և հուշեր» բաժնից Ավ. Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Վազգեն Ա-ի, Պարույր Սևակի, Վահագն Դավթյանի, Ալիսիա Կիրակոսյանի, Սոս Սարգսյանի և Զորի Բալայանի խոսքերից՝ ուղղված բանաստեղծուհուն, հատվածներ «Քարավանները դեռ քայլում են» գրքից և «Վանի հերոսամարտը» կոթողային գործից, նաև բանաստեղծություններ, որոնք փայլուն կերպով ներկայացրեց երեկոյի մյուս համերգավարը՝ ասմունքող Գայանե Սամվելյանը։
Հիրավի. «Բարձունքի բարձրությունը տեսնելու համար բարձրանալ է պետք»։ Այս խոսքերով սկսվեց և ավարտվեց երեկոն։
Այո, մեր մեծերի պարգևած լույսի, ջերմության, հոգևոր սննդի, հպարտության, ազգային արժանապատվության պաշարներն անսպառ են, անհատնում։ Մեզ մնում է առաջին հայացքից ամենահեշտը՝ կամք և ցանկություն՝ դրանցով սնվելու համար։ Սակայն մեր օրերի անհարթ, քարքարոտ ճանապարհով ընթացող «դխկդխկան» ավտոբուսի ամենավերջին նստարանին մի կերպ տեղավորված մշակույթի կարիքը հասարակության քանի՞ տոկոսն ունի, և քանի՞ տոկոսն է խորապես արժևորում, ընկալում մեր հզոր մշակութային ժառանգությունը։
Պատասխանը դժվար չէ գուշակել, այլապես արդի մշակույթը երկրի «ավտոբուսի» եթե ոչ ղեկին, գոնե առաջին նստարանին կլիներ։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ